Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
17.03.2020 | 00:34
Իրոք, Մոսկովյան 21 շենքի թիվ 8 և թիվ 9 բնակարանների միջև գոյություն ունեն կոնֆլիկտային խնդիրներ, որոնք ծագել են 1978 թվականին, երբ Երևանի կենտրոնի 260 շենքերի փայտե տնտեսական պատշգամբները, պետական ծրագրով ու միասնական նախագծերով, սկսեցին փոխարինվել երկաթբետոնե շինություններով: Նոր տնտեսական պատշգամբները պետք է կառուցվեին Մոսկովյան 21 շենքի բոլոր, այդ թվում մեր թիվ 9 բնակարանի համար: Սակայն անհայտ պատճառներով մեր տնտեսական պատշգամբը չկառուցվեց: Ավելին, թիվ 9 բնակարանի համար հատկացված տարածքում, թիվ 8 բնակարանի համար կառուցվեց ևս մեկ լրացուցիչ տնտեսական պատշգամբ՝ մոտ 6 քմ մակերեսով: Թիվ 8 բնակարանի այդ լրացուցիչ հարթակն իր տանիքի հետ մեր բնակարանը զրկեցին նախկինում ունեցած փայտե տնտեսական պատշգամբից, դեպի բակ դուրս գալու հնարավորությունից, փակել են տեսադաշտը, բնակարանի խոհանոցային մասը զրկված է բնական լուսավորությունից, խաթարվել է բնական օդափոխությունը:
Համաձայն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի թիվ 1 մասնաճյուղի տված 04/16փ/01-380/1 20.06.14 թ. տված եզրակացության՝ «թիվ 9 բնակարանի խոհանոցում նորմայի 0,5 %-ի փոխարեն կազմել է 0,26 %, որը հանդիսանում է ՀՀՇՆ 11-8.03-96-ի Թ. հավելվածի 86 կետի խախտում»: Կասկած չկա, որ դատարանի միջոցով հայցվորի խնդիրը լուծելուց հետո մեր բնական լուսավորությունը միայն կվատանա, փորձում ենք պայքարել իմ ընտանիքի բնակարանային պայմանները վատացնող դատավորների ու դատական ակտերի դեմ, բայց այս պայքարը վերածվեց մի անզիջում պայքարի՝ ընդդեմ դատական համակարգում, հետագայում նաև դատաիրավական ողջ համակարգում լայն տարածում գտած կոռուպցիոն գործարքների: Իսկապես, ի՞նչն էր պատճառը, որ թիվ 9 բնակարանի համար նախատեսված պատշգամբն այդպես էլ չկառուցվեց: Ինչու՞ Երևանի քաղաքային իշխանությունները գնացին սովետական տարիների համար աննախադեպ քայլի՝ շեղվելով հաստատված պետական նախագծից ու, փաստորեն, թիվ 9 բնակարանի համար նախատեսված պատշգամբը կառուցելու փոխարեն որոշեցին այդ տարածքը թողնել թիվ 8 բնակարանի համար լրացուցիչ պատշգամբ կառուցելու համար: Սովետական տարիներին նմանօրինակ գործողությունը համարվում էր քրեական հանցանք ու պատժվում էր պաշտոնական հանցագործությունների ծանր հոդվածներով:
Վստահաբար կարելի է ասել, որ թիվ 8 բնակարանի կիսաբաց պատշգամբը Երևանի կենտրոնում կառուցված առաջին աղմկահարույց շինությունն էր: Դրա մասին թերթերում շատ գրվեց ու խոսվեց: Մասնավորապես, ՀՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների Խորհրդի օրգան «Коммунист» թերթում (N 224(13802) 27 սեպտեմբերի, 1979) հրապարակվեց «Не пущу!» վերտառությամբ մի ֆելիետոն, որտեղ անդրադարձ է կատարվել թիվ 8 բնակարանի կիսաբաց պատշգամբին. «...вызывает благородный поступок Т. Ивашкевич, проживающей по адресу Московян, 21. О ее жгучей любви к простору говорит тот факт, что к двум балконам она пристроила еще и третий. Правда, прогуливаясь летними вечерами по своим балконам, Ивашкевич приходится выслушивать гневные тирады соседей, которым навсегда затмила свет Божий». 1980 թվականի մարտի 27-ին «Коммунист» թերթը հանդես եկավ երկրորդ հոդվածով՝ «Меры приняты и не приняты» վերտառությամբ, որը դարձյալ վերաբերում էր թիվ 8 բնակարանի կիսաբաց պատշգամբին... Однако упорное молчание по поводу самовольных перестроек в доме N 21 по улице Московян хранит исполком Мясникянского райсовета и управление жилищного хозяйства исполкома Ергорсовета. Времени прошло много, а меры до сих пор не приняты. В здании N 21 по ул. Московян незаконная пристройка не снесена, весь блок под подъездом до сих пор находится в обезображенном состоянии».
Հավելեմ, ու հոդվածում հիշատակված «այլանդակված վիճակը» պահպանվել է մինչ օրս՝ չնայած նրան, որ արդեն 42 տարի է անցել: 42 տարի շարունակ մեր ընտանիքը զրկված է եղել բնական լուսավորությունից, գիշեր, թե ցերեկ ստիպված է եղել խոհանոցում օգտվել արհեստական լուսավորությունից՝ լրացուցիչ ծախսեր կատարելով էլեկտրաէներգիայի վրա, էլ չհաշված երեխաների առողջությանը պատճառած վնասները: Իրենց պատշգամբներից զրկված բնակիչները չհաշտվեցին այդ մտքի հետ, իրար հետևից բողոքներ ուղարկվեցին Երևանի քաղաքապետարան, կուսակցական ու պատկան մարմիններ, անգամ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն՝ Լեոնիդ Բրեժնևին: Սովետական տարիներին նման հարցերով դատարաններ դիմելու պրակտիկա չկար: Մեր բողոքների արդյունքում ստացվեց հետևյալ պաշտոնական որոշումը. «Մյասնիկյանի շրջսովետի 15.02.78 թ. որոշմամբ Մոսկովյան 21 շենքի 1-ին մուտքի նո. 8 բնակարանի տնտեսական պատշգամբին կից հարթակները պետք է քանդվեն»: Երևանի քաղաքապետարանի շինարարական կազմակերպության ուժերով դրանք քանդվեցին, բայց մասամբ: Ապօրինի պատշգամբի այն մասը, որը Մյասնիկյանի շրջսովետի 15.02. 78 թ. որոշմամբ պետք է արդեն քանդված լիներ, հայցադիմումի մեջ հիշատակվում է որպես «թիվ 8 բնակարանի կիսաբաց պատշգամբ»: Իրականում դա ապօրինի շինություն է, որն ամբողջությամբ կառուցված է թիվ 9 բնակարանի համար նախատեսված բաց տնտեսական պատշգամբի տարածքում: Իսկ թե ինչու Երևանի քաղաքապետարանը չկատարեց իր իսկ ընդունած որոշումն ու մինչև վերջ ատամներով պահեց ապօրինի հարթակի մի զգալի հատվածը, բնակիչներիս համար հանելուկ մնաց: Հիմա արդեն ամեն ինչ պարզվել է, փաստերի հիման վրա կարելի է ապացուցել, որ թիվ 9 բնակարանի համար պետական նախագծով նախատեսված բաց տնտեսական պատշգամբը չկառուցվեց, իսկ թիվ 8 բնակարանի ինքնակամ կառուցված պատշգամբը պահպանվեց միայն կոռուպցիոն գործարքի արդյունքում, որի շահառուներն էին այն ժամանակվա Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու Երևանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանը: Դա պետական մակարդակով կատարված կազմակերպված հանցանք էր, որի դեմ բնակիչները չկարողացան պայքարել:
«Ինչու՞ եք շեղվում պետական նախագծից, ինչու՞ չեք կառուցում մեր տնտեսական պատշգամբները» հարցին շինարարները միայն թևերն էին թափ տալիս. «Չգիտենք, դա Ջիմ Պետրովիչի որոշումն է, նրանից հարցրեք»:
Այս հարցերով ես չզբաղվեցի, զբաղված էի պետական կարևոր գործերով, 1979 թվի սեպտեմբերի 12-ին պետք էր Կոսիգինին դիմավորել ու Հայաստանում արված այնպիսի տպավորիչ գործեր ցույց թույլ տալ, որ նրա մեջ կասկած չառաջանա` մենք Ադրբեջան կամ Վրաստան չենք, այստեղ կարևոր գործեր են արվում և Մոսկվային մնում է միայն օժանդակել նոր գործարաններ կազմակերպելու հարցում: Այդպես էլ եղավ, Կոսիգինը շատ զարմացավ, մի քիչ էլ ուրախացավ, երբ իմացավ, որ ԽՍՀՄ այս խուլ ծայրամասում ստեղծվում է այնպիսի տեխնիկա, որը նախատեսված է ապագայում կիրառելու համար, երբ 20-30 տարի անց միկրոէլեկտրոնիկան կփոխարինվի նանոէլեկտրոնիկայով, ու եղած տեխնիկան անկարող կլինի բավարարելու զարգացող արդյունաբերության պահանջները: Ինչևիցե, մեր պատշգամբի հետ դա անմիջական կապ չուներ, բայց այն ինձ համար անհայտ ու անհասկանալի թվաց, թե ինչն էր պատճառը, որ այդքան պատմություններից հետո մեզ նման մի սովորական քաղաքացու համար կրկնակի պատշգամբներ են կառուցում՝ անտեսելով մի քանի բազմանդամ ընտանիքների օրինական պահանջները, կոպտորեն խախտելով մարդկանց ապրելու համար նախատեսված սանիտարական նորմերը: Ո՞րն էր պատճառը, որ ամեն շաբաթ արևի լույսից զրկված բնակիչներին էին այցելում շրջկոմի ու քաղաքի պաշտոնատար անձինք, խնդրում էին, համոզում, որ այլևս չբողոքեն։
-Տեսեք, ձեզ ընդառաջել ենք, պարտադրել ենք, որ ձեր լույսը չփակելու համար հարևանի միջնապատերը ապակե բլոկներից կառուցվեն ,- և այլն, և այլն:
Այստեղ գաղտնիքներ կային, որոնք ինձ պարզ դարձան պատահաբար՝ 35 տարի անց: «Շիրակ» միությունում քննարկում էինք Շիրակի մարզում արևային ծրագրերի իրականացման հարցը (ես այդ միության անդամ եմ): Իմ ելույթից հետո «Շիրակ» միության նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ նախագահին կից ներում շնորհող հանձնաժողովի նախագահի տեղակալ Մուրադ Մուրադյանն այսպես խոսեց:
-Ծրագիրն ինձ շատ դուր եկավ, ես այսօրվանից պատրաստ եմ գլխավորելու այդ աշխատանքները:
-Չի՛ ստացվի,- եղավ իմ պատասխանը:
-Ինչու՞:
-Որովհետև Դուք արև չեք սիրում:
-Ինչպե՞ս թե ես արև չեմ սիրում:
-Երևանի պատշգամբաշինության տարիներին Դուք փակել եք իմ մանկահասակ երեխաների արևի լույսը:
Այս խոսքի վրա Մուրադ Մուրադյանը այլայլվեց, ոչինչ չասաց, չէր կարողանում խոսել, ուղղակի պապանձվել էր: Մեր զրույցը շարունակեցինք «Անի» հյուրանոցի իր առանձնասենյակում:
-Որտե՞ղ է Ձեր բնակարանը:
-Մոսկովյան փողոցի վրա:
-Մոսկովյան 21, բնակարան 9՞:
-Ճիշտ այդպես, լավ էլ հիշում եք:
-Համոզված եղեք, որ այստեղ հազար ռուբլու հարցը չէր, այդ բալկոնի հարցով Ջիմն ամեն օր ինձ մոտ էր գալիս, իմ մոտից չէր հեռանում, Ձեր հարևանը Ջիմի մասին կինո էր հանել, ուզում էր այդ բալկոնով այդ տղայի լավության տակից դուրս գալ:
-Իմ հաշվին, իմ երեխաների արևի ու առողջության հաշվի՞ն, և Ձեզ նման պատվարժան պաշտոնյան կուլ է գնացել քաղաքի գլխավոր ճարտարապետի անօրինական պահանջին, երկուսով էլ մեղք եք գործել Աստծո առաջ։ Որտե՞ղ էր ձեր խիղճը, այդ «կինո հանողները» հիմա էլ դատավորների միջոցով են ուզում ընդարձակվել մեր ուղղությամբ, հնար չկա:
Մուրադ Մուրադյանը շատ էր դառնացել, իրեն ճիշտ մարդ, բացարձակ հայրենասեր, հայասեր, մարդասեր, մանկասեր, բարերար, արդարացի-արդարամիտ համարող մարդը պատրաստ չէր ուրիշների ներկայությամբ լսելու իր ճակատին փռած ճշմարիտ խոսքը, մի՞թե նա այն մարդն է եղել, որ հազար ռուբլու համար երեխաների վրայից արևի լույսն էլ է կտրել: Խոստացավ գալ դատարան, պատմել ողջ ճշմարտությունը և ազատվել այդօրինակ մեղադրանքի բեռից, չհասցրեց, մահացավ 2015 թվի սեպտեմբերի 9-ին, թաղվեց Երևանի քաղաքային պանթեոնում, Ջիմ Թորոսյանն ավելի մեծ պատվի արժանացավ. թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում, հավանաբար այստեղ իր կարևոր դերը խաղաց նրա հեղինակությունը ավելի բարձր մակարդակի հասցրած «այդ տղայի կինոն»՝ «Ջիմ Թորոսյանի ճարտարապետական հուշարձանները» վերնագրով, հիմա էլ այն կարելի է դիտել՝ բացելով Ջիմ Թորոսյանի կայքը:
Մուրադ Մուրադյանը շարունակում էր դառնացած խոսել, փորձում էր հանգստանալ՝ հիշելով ու պատմելով իր չպատմած պատմությունները:
-Պատերազմից հետո տան հոգսերն ինձ վրա էին դրված, թեթև տղեն էի, գնում էի Թիֆլիս, «զնաչոկների» կորպուսներ բերում (հետպատերազմյան տարիներին մարդիկ դրանցից կրծքանշաններ էին պատրաստում՝ երեսի կողմից կպցնելով իրենց զոհված հարազատների նկարները, շատերի մոտ դրանք մի քանիսն էին, Սառնաղբյուրում Սիմե անունով մի կիսախելագար կին կար, որ պատերազմում իր յոթ որդիներին էր կորցրել, յոթ «զնաչոկ» է կրում), գալիս էի ձեր Սառնաղբյուրը, վերևի Ադյամանը, դրանք փոխում էի ձվի հետ, ձվերն էլ Լենինականի շուկայում էի ծախում, տուն էի պահում: Ադյամանից այնպիսի վառեկի ձվեր էի բերում, որ շուկայում ինձ հաղթող չկար (ձու խաղալը կամ ձու կռվացնելը հետպատերազմյան տարիներին տարածված ազարտ խաղերից մեկն էր, որն ուներ արդարացի խաղի իր կանոնները։ Բայց դրանք հաճախ էին խախտվում՝ խաղի մեջ օգտագործելով մետաղյա ձվերը կամ փոքր անցքով ձյութով ներծծված ձվերը, պարտված ձվերը հանձնվում էին հաղթողին, «քիթը» ջարդած ձվերը վաճառվում էին կես գնով, շուկա մտնող կանայք խաղացողնեի մոտ հերթի էին կանգնում ու սպասում այդ օրվա «կռիվների» ավարտին):
Մուրադ Օգանեսովիչը առողջական լուրջ խնդիրներ ուներ, կյանքին հաշված ամիսներ էին մնացել: Փորձեցի թեման փոխել:
-Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել, Ձեր «օգուրչիկի» պատմությունը իրականում եղե՞լ է, թե՞ դա հորինված է:
-Առաջին անգամ դա Կարեն Սերոբովիչից եմ լսել,- արագ կողմնորոշվեց ու խուսափեց կոնկրետ պատասխանից: «Օգուրչիկի» պատմությունը այսպիսին է: Սոչիի լողափում իրար կողքի պառկած են երեքը՝ Մուրադ Օգանեսովիչը, իր կինը և մի ռուս գեղեցկուհի: Ռուս կինը, հրապուրված Մուրադ Օգանեսովիչով (նա վայելչատես տղամարդ էր), նրա կնոջ ականջին շշնջում է.
-Ваш муж прямо, как огурчик:
-Էդ ռուսն ի՞նչ կսե-, փորձում է հրապուրանքի այդ խոստովանությունը մեկ անգամ էլ իր կնոջից լսել:
-Հեչ, կսե մարդդ ինչխ որ խիար էղնի:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ